1991թ փետրվարի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման:

Այս նախաբանով էլ սույն թվականի փետրվարի 21-ին սկսվեց Մայրենիի օրվան նվիրված տոնական միջոցառումը Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցում, որը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ն. Ջավադյանը: Ելույթ ունեցան գրական խմբակի աշակերտները, որոնք արժևորեցին լեզվի դերը մեր կյանքում, ինչպես նաև՝ Մ.Մաշտոցի սխրանքը և բոլորի մեջ արմատավորեցին այն միտքը, որ լեզուն, իրոք, մի գանձ է, որին չի կարող փոխարինել աշխարհի ոչ մի հարստություն:      Պատմությունն ապացուցեց, որ Մաշտոցի կռած երկաթագիր տառերը նաև ‹‹ժանգախույս››  զենք էին, ինքնության պահպանման կռվան, քանի որ մեսրոպյան տառերի շնորհիվ փրկվեց հազարամյա մշակույթով հինավուրց մի ազգ:

Հնչեցին բանաստեղծություններ, ասույթներ, երգեր: Աշակերտները պատվիրեցին պահպանել մեր ոսկեղենիկ մայրենին, որը դարեր ի վեր փյունիկի պես բոցավառվել ու հասել է մեզ ու դեռ կթևածի սերնդեսերունդ:

‹‹Մեր լեզուն արյունն է մեր…›› խորագրով էլ իր խոսքը ներկաներին և աշակերտներին հղեց դպրոցի տնօրեն Ս. Ստեփանյանը՝ մեկ անգամ ևս արժևորելով լեզվի դերը ազգապահպանման գործում:

Իր շնորհավորանքի և շնորհակալանքի խոսքն ասաց նաև քաղաքապետարանի ‹‹Սպորտի և մշակույթի›› բաժնի ներկայացուցիչ Գ. Համազասպյանը: