1991թ փետրվարի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման:

Այս նախաբանով էլ սույն թվականի փետրվարի 21-ին սկսվեց Մայրենիի օրվան նվիրված տոնական միջոցառումը Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցում, որը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ն. Ջավադյանը: Ելույթ ունեցան գրական խմբակի աշակերտները, որոնք արժևորեցին լեզվի դերը մեր կյանքում, ինչպես նաև՝ Մ.Մաշտոցի սխրանքը և բոլորի մեջ արմատավորեցին այն միտքը, որ լեզուն, իրոք, մի գանձ է, որին չի կարող փոխարինել աշխարհի ոչ մի հարստություն:      Պատմությունն ապացուցեց, որ Մաշտոցի կռած երկաթագիր տառերը նաև ‹‹ժանգախույս››  զենք էին, ինքնության պահպանման կռվան, քանի որ մեսրոպյան տառերի շնորհիվ փրկվեց հազարամյա մշակույթով հինավուրց մի ազգ:

Հնչեցին բանաստեղծություններ, ասույթներ, երգեր: Աշակերտները պատվիրեցին պահպանել մեր ոսկեղենիկ մայրենին, որը դարեր ի վեր փյունիկի պես բոցավառվել ու հասել է մեզ ու դեռ կթևածի սերնդեսերունդ:

‹‹Մեր լեզուն արյունն է մեր…›› խորագրով էլ իր խոսքը ներկաներին և աշակերտներին հղեց դպրոցի տնօրեն Ս. Ստեփանյանը՝ մեկ անգամ ևս արժևորելով լեզվի դերը ազգապահպանման գործում:

Իր շնորհավորանքի և շնորհակալանքի խոսքն ասաց նաև քաղաքապետարանի ‹‹Սպորտի և մշակույթի›› բաժնի ներկայացուցիչ Գ. Համազասպյանը:

 

Թումանյանի հերոսներն արտասանում են Թումանյան

Կախարդական, ոսկեղեն հեքիաթների հերոսների նման Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի ΙΙΙա դասարանի աշակերտները կազմակերպել էին ինքնատիպ ու յուրօրինակ դաս-միջոցառում: Միջոցառումը նվիրված էր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 148-ամյակին: Պատահական չէ, որ աշակերտները, դասվար Հ. Աղաբեկյանի գլխավորությամբ, կազմակերպեցին այդ մեծանուն հային նվիրված միջոցառումը: Յուրաքանչյուրիս մեջ էլ ապրում են բանաստեղծի հերոսները: Եվ ինչպես թումանյանական երևակայությունն է նուրբ ու ազնիվ ճաշակով ստեղծել հեքիաթներ այս ոչ այնքան հեքիաթային աշխարհում, չի ստեղծել ոչ-ոք:

 

Փա՛ռք հայոց բանակին

Եռագույնի և ազգային երգի հնչյունների ուղեկցությամբ հանդիսության սրահ մտան զինվորական համազգեստով աշակերտները: Խրոխտ երգով իրենց ողջյունի խոսքն ուղղեցին հայոց բանակի մարտիկներին: Գեղեցիկ ասմունքով և հուզիչ երգով հանդիսատեսին հուզեցին 5բ դասարանի աշակերտները՝ Արսենը, Գևորգը, Սպարտակը, Աստղիկը…

Առանձնակի տպավորիչ էր Քաջարան քաղաքի ծառայած և ծառայող, անգամ նոր զորակոչված զինվորների զինվորական առօրյայի ցուցադրման համատեղումը ասմունքին և երգին: Ասմունքին և խրոխտ երգին հաջորդեց 4-րդ դասարանի աշակերտուհի Ստեփանյան Սառայի հեզաճկուն պարը և արտահայտիչ ասմունքը: Միջոցառման մասնակիցները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ մեր վաղվա օրը հուսալի ձեռքերում է :

Փա՛ռք հայոց մարտիկներին…

Փա՛ռք հայոց բանակին…

Միջոցառումը կազմակերպել էր աշխորհուրդը, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ա. Մուրադյանը, երգի խմբակը, խմբակի ղեկավար՝  Կ. Գրիգորյանը